Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. Սամվելյան
17/08/2023 10:58

Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. Սամվելյան

«Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Իսկ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի սահմանած ժամկետում  հայկական կողմը ներկայացրել է իր առարկություններն ու դիրքորոշումները»,- Aysor.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Սակայն, հետագայում ՊՆ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար՝ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն է փոխանցել ՄԻԵԴ-ին։ Դատարանը հայկական կողմին ժամանակ էր տրամադրել առարկություններ ներկայացնելու համար։  

Արցախի  բնակիչ Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանական անցակետում ձերբակալվել ու առևանգվել է։ 

Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. Սամվելյան