Վարդանյան եղբայրները վստահ են, որ Հայաստանում կկարողանան բարձրացնել կրկեսային արվեստի մակարդակը
11/09/2023 14:21

Վարդանյան եղբայրները վստահ են, որ Հայաստանում կկարողանան բարձրացնել կրկեսային արվեստի մակարդակը

Հանրահայտ Վարդանյան եղբայրների կրկեսային ներկայացումները Երևանում մեկնարկել են սեպտեմբերի 2-ից։
 
«Քանի որ մինչ օրս մենք հանդես ենք եկել միայն միջազգային հարթակներում, մեր հայրենակիցները մեզ հիմնականում տեսել էին  հեռուստացույցով կամ համացանցում։ Այժմ ուզում ենք շփվել ու զգալ մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունը », - ասել է Գևորգը։
 
Վարդանյան եղբայրների կողքին արենայում են նաև համաշխարհային կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ և աճպարար։
 
Ծրագիրը ոչ միայն երեխաների համար է հետաքրքիր, այլ նաև մեծահասակների ուշադրությանն է արժանացել։
 
Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր հարմարավետ  պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի այս յուրօրինակ կրկեսը։
 
Երևանում մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Վարդանյան եղբայրները հայ հանդիսատեսին կտեղափոխեն մեկ այլ իրականություն։
 
Եղբայրների խոսքով՝ առաջիկա 2-3 տարիների իրենց բոլոր պայմանագրերը խզել են և ժամանել Հայաստան։ Չի բացառվում, որ «Շապիտո» կրկեսի հաջողության դեպքում նրանք այստեղ մշտական կրկես կհիմնեն։
 
Գևորգն ու Անդրանիկը վստահ են, որ Հայաստանում կկարողանան բարձրացնել կրկեսային արվեստի մակարդակը։
 
Հերթական ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 16 –ին և 17-ին՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։
Վարդանյան եղբայրները վստահ են, որ Հայաստանում կկարողանան բարձրացնել կրկեսային արվեստի մակարդակը