Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն
11/09/2023 19:32

Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն

Հայաստանում սեպտեմբերին կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն։  Փառատոնի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։

Ինչպես  տեղեկանում ենք  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Պտղնիի տաճարում՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։ Համերգի դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Ծրագրում՝ Շարականներ, Կոմիտասի, Մանսուրյանի, Մոցարտի, Շուբերտի, Ֆորեի, Բարբերի և այլոց հոգևոր ստեղծագործություններ:

Սեպտեմբերի 23-ին համերգ կկայանա Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան) և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Ծրագրում՝ Սահակ Պարթև, Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Ա. Ավանեսով, Ա. Ղազարյան, Ա. Լոտտի, Վ. Բուխենբերգ, Պ. Վասկս, Յ. Մանտիյարվի և այլոց հոգևոր ստեղծագործություններ:

Համերգների սկիզբը ժամը 19։00-ն է: Միջոցառումների մուտքն ազատ է։