Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը
24/10/2023 12:36

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը, սիրելի՛ Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով վերոնշյալ առանցքային կետերը.

«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`

‧ Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին

‧ Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում

‧ Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ

2. Ուսուցում

‧ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ

‧ Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես, լեռնային մարտերի և հրաձգության վայրերում

 ․Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում

‧ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

‧ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

‧ Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ», - գրել է ֆրանսիացի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայիում կայացել է Լըկորնյուի և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումը:

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ իր ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ - խմբ․), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ֆրանսիական համագործակցության 3 առանցքային կետերը