«Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում. փաստորեն, մենք պետք է ՌԴ կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք». Լարսում իրավիճակը լարված է
28/11/2023 13:11

«Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում. փաստորեն, մենք պետք է ՌԴ կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք». Լարսում իրավիճակը լարված է

Հայաստանից Ռուսաստան արտահանվող հարյուրավոր մեքենաներ օրեր շարունակ մնացել են Լարսի անցակետում և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։
 
Անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության ծաղիկներով, միրգ-բանջարեղենով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված բեռնատարները ֆիտոսանիտարական խիստ վերահսկողություն են անցնում։
 
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ռոզ ֆիլդ» ջերմոցային տնտեսության տնօրեն Համբարձում Վարդանյանն ասաց, որ հիմնականում պատճառաբանվում է, թե ֆիտոսանիտարական հետազոտություն է իրականացվում, խնդիր են գտնում և չեն թույլատրում, որպեսզի բեռնատարներն անցնեն։
 
«Լարսում ունեինք ծաղիկով բեռնված 2 մեքենա՝ մոտ 70 հազար քանակ, որոնցից մեկը վերադարձել է, մյուսը ճանապարհին է, հետ է գալիս։ Ունենք նաև բեռնված մի մեքենա, որը Հայաստանի սահմանից դեռ դուրս չեկած, իրավիճակին տեղյակ լինելով, խնդրեցինք, որ հետ վերադառնա։ Միայն մեր մեքենաները չեն, բավական շատ մեքենաներ, հիմնականում մթերքով բեռնված, վերադառնում են։ Անցակետում մարդիկ նույնիսկ ասում են՝ իզուր ժամանակ եք վատնում հետազոտություն անցնելու վրա»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ արդեն 4-րդ տարին է, որ ծաղկի շուկայում են, ծաղկի 70-80 տոկոսն իրացնում են ռուսական շուկայում. առաջին անգամն է, որ նման պատճառաբանությունով մեքենաները հետ են գալիս։
 
Դիտարկմանը, թե տնտեսվարողները նշում են, որ այս ամենը կապված է հայ-ռուսական հարաբերություններով, և ռուսական կողմն այս տարբերակով ճնշումներ է փորձում գործադրել հայկական կողմի վրա՝ «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրենը պատասխանեց.
 
«Միանշանակ ասել, որ չէ՝ չի կարելի։ Այն, որ կա այլ պատճառ, որը խանգարում է այսօր մեր ապրանքն իրացնել Ռուսաստանի Դաշնությունում՝ այդպես է։ Մինչև ՀԱՊԿ-ի նիստը, առատ ձյան պատճառով ճանապարհը փակ էր, մեքենաները կանգնած էին, մաքրեցին, ճանապարհը բացվեց և մեքենաները սկսեցին շարժվել՝ մինչև սահման հասան։ Երբ հասան սահման, արդեն այս խնդիրն առաջ եկավ»։
 
Հարցին, թե պնդո՞ւմ է, որ պատճառը ՀԱՊԿ նիստին հայկական կողմի չմասնակցելն է՝ տնօրենը պատասխանեց. «Միգուցե։ Չեմ ուզում ո՛չ պատահականություն համարել, ո՛չ էլ կարող եմ պնդել, որովհետև հենց հաջորդ օրվանից սկսվեց այս պատմությունը»։
 
Հիշեցնենք, որ կիրակի Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: 
 
Համբարձում Վարդանյանը սա մեկնաբանելով՝ ասաց․«Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե ես, օրական, 20 հազար հատ ծաղիկ եմ արտադրում և այս պահի դրությամբ օրական այդքան վնաս եմ կրում։ Պետական որևէ կառույց մեզ հետ կապի մեջ չի, չեն զանգել, որևէ բան չեն առաջարկել, հարցեր չեն ուղղել։
 
Անցած տարի, երբ իմ գործընկերը Քերոբյանին հարց ուղղեց այս խնդրի մասին, Քերոբյանն ասաց, թե տնտեսվարողը բիզնես է դնում, նախորոք պետք է մտածի ռիսկերի մասին։ Փաստորեն, ստացվում է, որ մենք պետք է մտածենք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք»։
 
Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել էր Վերին Լարսում ստեղծված իրավիճակին, գրելով. «Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»։
 
Լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատել է՝ Վերին Լարսում խնդիր կա։
 
««Խնդիրը կա, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը` չէ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել է Սանոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՝ նախարարն արձագանքել է. «Սահմանի վրա տեսչական մարմինը ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
«Ի՞նչն է վերահսկում ՊԵԿ-ը, եթե տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում. փաստորեն, մենք պետք է ՌԴ կառավարության հետ մեր հարաբերությունները կարգավորենք». Լարսում իրավիճակը լարված է