.png)
Շուրջ 10 հազար քաղաքացի բանակում չծառայելու համար գտնվում է հետախուզման մեջ. Հայկ Կոնջորյան
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից։
«Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 10 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ»,- նախագիծը ներկայացրեց պատգամավորը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց, թե այս նախագիծը հետևանքների վերացման դեմ է պայքարում։
«Այս պահի դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի կա, որ գտնվում է հետախուզման մեջ, այդ մարդիկ բանակում չեն ծառայել, հետևաբար, նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց այդ 10 հազարից մոտ 4-5 հոգին են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս»,- նշեց Կոնջորյանը։
Նա Հայկ Սարգսյանին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի շուրջ քննարկումներ ունենալ թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության գործընկերների հետ։
«Հարցն էմոցիոնալ է»,- ասաց Կոնջորյանը։