ՀՀ փոխվարչապետը չբացառեց՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել
15/12/2023 14:14

ՀՀ փոխվարչապետը չբացառեց՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են ու իրականացման փուլում  են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խոսքը, օրինակ, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին է։

Մնացած մասերով, ըստ փոխվարչապետի, դեռևս  հետազոտությունների կարիք կա, որ վերջնական արժեք լինի։

«Բայց կարող եմ ասել, որ Հորադիս-Երասխ երկաթուղու ինտիգատիվ արժեքը դեռևս մեկ տարի առաջ ստացվել է, եթե չեմ սխալվում՝  կազմում է շուրջ 230 միլիոն դոլար»,- ասաց նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ  դեռ չկան։

«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է»,- նշեց նա։

Կողմերն աշխատելու են  բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն։

Փոխվարչապետը չբացառեց, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։

«Չեմ կարող բացառել, որովհետև հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն ունեն ու սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները երեկ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել։

ՀՀ փոխվարչապետը չբացառեց՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել