Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ
08/04/2024 14:08

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-ից 13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։ Սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ‚ կունենա 5 համերգ‚ որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։

Փառատոնի շրջանակներում մայիսի 9-ին և 10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» կրկնակի և  «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։

Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը‚ որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։ Մայիսի 12-ին կհնչեն գերմանացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր Հանս Ցիմերի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։  Իսկ մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։

Համերգները կկայանան Դուբայի օպերայում։  

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ