ԳՇ-ում լավ գիտեն՝ ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնումը. դա խնդիր է հետագա վերատեղակայումների առումով. Տիգրան Աբրահամյան
09/04/2024 12:39

ԳՇ-ում լավ գիտեն՝ ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնումը. դա խնդիր է հետագա վերատեղակայումների առումով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ուշագրավ է համարում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը, որ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ դեռ որոշում չկա:

«Իշխանությունը պնդում էր, որ արդեն սկսվել է գործընթացը: Պետք է արձանագրել՝ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունն արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարը սուտ է խոսել ու ասել, որ Տավուշից է սկսվելու, երկրորդ`  արձանագրվել է, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա պայմանավորվածություն` առաջ մղելու այս գործընթացը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորի խոսքով`սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ոչ թե  գնում է սահմանազատման գործընթացի, այլ` միակողմանի զիջումների:

Նա համոզված է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում լավ գիտեն, թե ինչ է նշանակում Տավուշի  այդ հատվածների հանձնումը:

«Դա խնդիր է՝ հետագայում Զինված ուժերի վերատեղակայումների առումով: Ես ձեռնամուխ կլինեմ, որ ավելի կոնկրետ հասկանանք, թե ԳՇ-ն ինչ է առաջարկել ու եթե առաջարկել է` ինչ է եղել դրա հիմքում»,- նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել, որ սահմանազատման գործընթացը սկսվի Տավուշից։

Օրեր առաջ, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի Տավուշից, մինչդեռ, փոխվարչապետի գրասենյակից հայտարարել էին՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։

ԳՇ-ում լավ գիտեն՝ ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնումը. դա խնդիր է հետագա վերատեղակայումների առումով. Տիգրան Աբրահամյան