.jpg)
10/06/2024 09:50
ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն․ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն պետք է ճշգրտվի, քանի որ ՀՀ-ն հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, ՌԻԱ Նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:
Տեղեկացրել են, որ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը, միաժամանակ ընդգծելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։
Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը «սառեցնելու» և ՀԱՊԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին»։
Պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։
Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Դա հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից:
Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: