Ալեն Սիմոնյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
01/07/2024 16:03

Ալեն Սիմոնյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:
 
Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը և նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին:
 
Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը:
 
ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ալեն Սիմոնյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր