Հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել․ մանրամասներ՝  Ոսկեհատում երեխայի կյանք խլած պայթյունից (Տեսանյութ)
01/08/2024 11:15

Հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել․ մանրամասներ՝ Ոսկեհատում երեխայի կյանք խլած պայթյունից (Տեսանյութ)

Օգաստոսի 1-ին, ժամը 06,00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։
 
Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։
 
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել․ մանրամասներ՝ Ոսկեհատում երեխայի կյանք խլած պայթյունից (Տեսանյութ)