Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում. Գագիկ Վանոյան
05/08/2024 13:16

Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում. Գագիկ Վանոյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը երախտիքի խոսքեր է հղել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:

«Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում։

Սիրելի՛ մարզիչ, սիրելի՛ ընկեր Հակոբ, Դուք արեցիք սա լուռ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, գնացիք Ձեր նպատակի հետևից, երբեք որևէ մեկին ցույց չտվեցիք, թե շատ հաճախ որքան դժվար է եղել Ձեզ համար, քանի որ երկար տարիներ բազմաթիվ խնդիրներ, որոնց ընդհարվել եք, կարողացել եք հարթել անաղմուկ և նպատակները, որ դրել եք Ձեր առաջ, երևի ձեզանից բացի որևէ մեկը չի հավատացել  դրանց իրականացմանը։

Անհնար էր հավատալ, որ մեր մարզաձևի համար կգան այնպիսի օրեր, երբ նվաճված Օլիմպիական արծաթե մեդալը մի պահ կտխրեցնի մեզ, մի պահ մենք բոլորս՝ աշխարհի ողջ հայությունը, մի ակնթարթ տխրության և հիասթափության զգացում կունենանք և դա վկայությունն է նրա, որ երբեմնի հայկական փառավոր մարմնամարզությունը վերածնունդ է ապրում. վերածնունդ է ապրում Ձեր շնորհիվ և այո՛, կարևոր մեկ մարդը Դուք եք եղել, որ հավատացել եք այս ամենի իրագործմանը։
 
Ընկեր Հակոբ, ես գիտեմ ՝ որքան հավատքով եք Դուք ապրում առ Աստված և Դուք ունեիք հզոր առաքելություն՝ շենացնել մեր մարզաձևը և հետ բերել հայկական մարմնամարզության երբեմնի փառքը և Դուք դա արեցիք ու վստահ եմ՝ Ձեր առաջնորդությամբ դեռ փառավոր հաղթանակներ ենք տոնելու»,- Facebook-ում գրել է Վանոյանը:
 
 
Հիշեցնենք` մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:

Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում. Գագիկ Վանոյան