«Տարազնավուր»․ Կապանում նշել են Շանսոնյեի 100-ամյակը
11/08/2024 12:53

«Տարազնավուր»․ Կապանում նշել են Շանսոնյեի 100-ամյակը

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել ժողովրդական Ազնավուր՝ «Տարազնավուր» խորագրով համերգը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու հայկական գունեղ տարազներն առանձնակի հմայք են հաղորդել միջոցառմանը:

Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել երգիչներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։

 Համերգի ողջ ընթացքում լեդ էկրաններին ցուցադրվել են արդի տեխնոլոգիաների (AI) մշակմամբ թեմատիկ նյութեր:

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։

«Տարազնավուր»․ Կապանում նշել են Շանսոնյեի 100-ամյակը