«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազա. Լուսանկար
15/10/2024 13:35

«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազա. Լուսանկար

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել՝ նշելով, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։

Մարզական նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը լուսանկար է հրապարակել իր էջում՝ ընդգծելով՝ այս քայլը պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։

«Լուսանկարում «Փյունիկ»-ի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում:
 
Ինչքան հասկացա, հիմնականում «Նոա» են գնացել ու տեղափոխության համար «Փյունիկ»-ը ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով:
 
Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկ»-ում ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ: Նրանց մուտքն արգելված է ակումբի մարզաբազա՝ ինչպես տեսնում եք նկարում»,- նշել է Մկրտչյանը՝ շեշտելով, որ նման քայլը դեմ է ցանկացած նորմի։
 
Aysor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ակումբի մամուլի ծառայությունից, թե ինչու են նման քայլի դիմել, սակայն  հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքը մարզաբազա. Լուսանկար