«Նոա»-ի սկաուտները «որսի են ելել» մեր  մարզադպրոցի սաների նկատմամբ․ «Փյունիկ»
18/10/2024 20:52

«Նոա»-ի սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբ․ «Փյունիկ»

 «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե` կապված «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունների հետ․ 6 երիտասարդ ֆուտբոլիստներ  տեղափոխվել էին «Նոայի» ակադեմիա:

Ի պատասխան՝ «Փյունիկը» հանդես է եկել պարզաբանմամբ:

«Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում:

Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին:

«Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար:

Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին:

Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»:

Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

  

 

 

«Նոա»-ի սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբ․ «Փյունիկ»