Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում. երկրորդ օրն է՝ «Գոյ»-ի դերասանները գիշերում են թատրոնում (Տեսանյութ)
30/10/2024 10:54

Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում. երկրորդ օրն է՝ «Գոյ»-ի դերասանները գիշերում են թատրոնում (Տեսանյութ)

Երկրորդ օրն է, ինչ «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում:

Այս մասին տեղեկանում ենք  «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի տարածած տեսաուղերձից:

«Մենք դեռ գտնվում ենք «Գոյ» թատրոնում: Երկրորդ գիշերն է, ինչ  թատրոնում ենք մնում: Մնացել ենք 6 հոգով: Սկզբում 14 հոգի էինք»,-նշում է Արզումանյանը։

Ըստ նրա, բողոքին միացած դերասանների մի մասն անձնական գործերով էր դուրս եկել, մի մասը՝ դատախազությունից որոշակի տեղեկություններ վերցնելու նպատակով։ Պետք է վերադառնային, բայց նրանց թույլ չեն տվել մտնել  թատրոն:

«Մենք կսպասենք մինչև ժամը 18:00-ն, այնուհետև կհասկանանք՝ դեռ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում»,- ասել է Արզումանյանը:

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչին դեմ են «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը։ Նրանք օրեր շարունակ ակցիաներ արեցին, հայտարարություններով հանդես եկան, ապա որոշեցին կառավարության որոշումը վիճարկել դատարանում։

Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ 

Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում. երկրորդ օրն է՝ «Գոյ»-ի դերասանները գիշերում են թատրոնում (Տեսանյութ)