Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով
19/11/2024 17:20

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։

Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը:

Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։

ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ):

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ ուժեղագույն ըմբշամարտիկները, որոնք մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու առաջնությունում, հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց դուրս են հանել վերը նշված մրցաշարի կազմից։

 

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով