Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան
28/11/2024 15:42

Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան

«Գոյ» թատրոնի նստացույցը շարունակվում է, նախատեսում ենք քաղաքապետարան դիմել և  նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ. ասուլիսին ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 8-ը «Գոյ» թատրոնի օրն է և նախապատրաստվում են դրսում նշել․

«Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու։ Ակցիաները շարունակելու ենք, միայն նստացույցով չենք բավարարվի»։

Ըստ նրա՝ այդ ընթացքում կփորձեն ուժեղացնել խնդրի իրավաբանական մասը և նաև կշարունակեն ներկայացումներ անել դրսում և մեկ այլ թատրոնում. «Նաև հնարային միջոցառումներ կփորձենք կազմակերպել»։

ԿԳՄՍՆ շենքի մոտ նստացույցը տեղափոխելուց հետո, Արզումանյանն ասաց, որ «Գոյ»-ի հարթակը կօգտագործեն ներկայացումների քննարկումների համար։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունից նրանց պահանջն է միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։ 

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Թատրոնի ներկայացուցիչները միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ «Գոյ»-ի պահանջն է՝  թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

 

Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան