29/11/2024 15:38
Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա` պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Գեղամ Ստեփանյանի խոսքով` մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո, անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
«070 կոդով անձնագրերով արցախիցները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի է բացառապես Հայաստանի քաղաքացիներին։ Որոշման համաձայն` բռնի տեղահանված արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը վերջին փոփոխություններով երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Սրան զուգահեռ, սահմանվել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար անհատական կարող են դիմում ներկայացնել և արագացված կամ պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց` անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալու-չստանալու հարցը ուղիղ կապված է նաև Արցախ վերադարձի հեռանակարի և վերադարձի իրավունքի հետ։
«Մարդկանց հետ ամենօրյա շփումներից իմ կատարած հիմնական եզրակացությունն այն է, որ հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը, ցավոք սրտի, մինչ այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:
Նա ասաց նաև, թե մարդկանց մոտ ձևավորվում է մտահոգություն, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու համար:
«Անհրաժեշտ է ձևավորել հստակ հիմքեր, որոնք բռնի տեղահանվածների մոտ իրական վստահություն կստեղծեն առ այն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից ու Արցախի նկատմամբ այլ իրավունքներից»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Մանրամասն` տեսանյութում: