30/11/2024 17:36
«Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ)
«Առողջապահության նախարարություն. անունն արդեն արտահայտում է ռազմավարությունը, որով պետք է առաջնորդվեր նախարարությունը։ Համակարգի առաջնային նպատակը պետք է լինի պահպանել մարդու առողջությունը, կանխարգելել հիվանդությունները. սա շատ ավելի արդյունավետ է ու նվազ ծախսատար, քան հիվանդին բուժելը»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի» ղեկավար, բժիշկ-վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը։
«Հանրային առողջությանն ազդող գործոնների մեջ բուն առողջապահական ծառայությունները՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային, ընդամենը 15 տոկոս են կազմում, 85 տոկոսը միջավայրային գործոններն են՝ աղտոտված օդ, կեղտոտ ջուր, անորակ սնունդ, սթրեսային միջավայր․․. Սրանցից յուրաքանչյուրի բարելավման հարցում Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի։
Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով տարածաշրջանում ռեկորդային է, այս խնդիրը Առողջապահության նախարարությունը չի կարող անտեսել։ Առաջին ահազանգողն ու հետևողական պայքարի դրոշակակիրը պետք է լինի առողջապահական համակարգը, որովհետև այդ աղտոտված օդի հետևանքները դառնում են բեռ՝ հենց առողջապահական համակարգի համար»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում