Արկադի Դումիկյանը ելույթ է ունեցել 9500 հանդիսատեսի համար․ երգիչը «Live Arena»-ում նոր ռեկորդ է սահմանել․ Լուսանկարներ
12/12/2024 15:02

Արկադի Դումիկյանը ելույթ է ունեցել 9500 հանդիսատեսի համար․ երգիչը «Live Arena»-ում նոր ռեկորդ է սահմանել․ Լուսանկարներ

Հայկական երգարվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկն Արկադի Դումիկյան է, ով հոկտեմբերի 5-ին և 6-ին նոր հաղթանակ է գրանցել հայկական երաժշտության պատմության մեջ։ Մոսկվայի հեղինակավոր «Live Arena» համերգասրահում կայացած մենահամերգներն ուղեկցվել են սիրված կատարումներ, բացառիկ զուգերգերով:  Երգչին հաջողվել է ռեկորդ գրանցել. Արկադին դարձավ առաջին հայ արտիստը, ով այս հսկայական համերգասրահում ելույթ ունեցավ 9500 հանդիսատեսի առաջ։



Համերգների տոմսերը վաճառքի դուրս գալուց շատ կարճ ժամանակ անց ամբողջությամբ սպառված էին. sold out-ները հաշված օրերի ընթացքում էին եղել: Այս բացառիկ ցուցանիշը իսկապես վկայում է Դումիկյանի լայն ճանաչման և երկրպագուների անկեղծ սիրո մասին։
Երկու օր անընդմեջ շքեղ մենահամերգներն ուղեկցվում էին հատուկ ձայնային, լուսային էֆֆեկտներով, հետաքրքիր բեմադրությամբ, որոնք համերգին հաղորդեցին բացառիկ փայլ, շքեղություն և տոնական մթնոլորտ։ Նորագույն ու բարձրակարգ լեդ էկրանների շնորհիվ, որոնց պատասխանատուն Արամ Թումանյանն էր, դահլիճը հնարավորություն ունեցավ վայելելու համերգի բոլոր դետալները։ Ձայնային ու լուսային էֆֆեկտների որակյալ աշխատանքն էլ ապահովել էին Արմեն Մխոյանն ու Վահագն Միքայելյանը՝ ներդաշնակ կերպով լրացնելով յուրաքանչյուր երգի ոճին ու տրամադրությանը։  Յուրաքանչյուր երգ՝ թե մեղեդային, թե ռիթմիկ, սպասված էր հանդիսատեսի կողմից։ Դահլիճն ուղղակի թնդում էր: Համերգասրահում առանձնահատուկ մթնոլորտ էր նաև զուգերգերի կատարման ընթացքում։ Լսարանը հոտընկայն ձայնակցում էր երգչին։



Համերգների նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ ամիսներ առաջ։ Մի նպատակի ու երազանքի շուրջ էին հավաքվել գործի իսկական նվիրյալներ։ Համերգների կազմակերպիչն Արկադի Դումիկյանի պրոդյուսեր Լևոն Չախոյանն էր, ով իրեն հատուկ ձեռագրով պատրաստվում է ցանկացած նոր համերգի ու ամեն անգամ հաջողում։ Ռեժիսորն իր գործի գիտակ Արամայիս Հայրապետյանն էր, ով նոր ու բացառիկ մոտեցում էր ցուցաբերել երկօրյա շոուներին։ Համերգի առանցքային դերակատարները Արթուր Թադևոսյանն ու Արման Հարությունյանն էին՝ ստեղնաշարային գործիքների երաժիշտները։ Բեմի հնչյունային ռեժիսորն Ալեն Սարգսյանն էր։ Համերգների ընթացքում մեկ նպատակի շուրջ էին համախմբվել ոլորտում անվանի ու ճանաչված երաժիշտներ։ Հայկական տրամադրության լավագույն փոխանցողները դհոլահար Մովսես Պետրոսյանն ու կլառնետահար Վահագն Զաքաարյանն էին։ Պարային տրամադրության պատասխանատուն հարվածային գործիքների վարպետ Ժորա Հովհաննիսյանն էր, կրակոտ ռիթմերն ապահովում էր թմբկահար Հակոբ Օրդակյանը։ Երաժիշտ Էդգար Ավետիսյանն էլ բասկիթառի յուրահատուկ հնչյուններով մասնակցում էր երաժշտական տոնախմբությանը։ Արկադի Դումիկյանի կատարումներն իր գեղեցիկ ձայնով լրացնում էր Քրիստինե Սաֆարյանը։ Երաժիշտ, կաժոնի վարպետ Յուրի Պետրոսյանն էլ ամբողջացրեց ելույթները։

Դումիկյանի կատարումներում յուրահատուկ կերպով միահյուսված են հայկական ավանդական հնչյուններն ու ժամանակակից երաժշտական ոճերը։ Մոսկվայի «Live Arena»-ի լեփ-լեցուն դահլիճում ներկա էին տարբեր տարիքի ու նախընտրության ունկնդիրներ.այս փաստն ապացույցն էր այն բանի, որ Արկադի Դումիկյանը ժողովրդի երգիչն է։ Նա կարողացել է գտնել երաժշտական մի ուղղություն, որը հաճելի և մոտ է յուրաքանրյուրի սրտին, հոգուն ու ճաշակին։



Երգչի հոկտեմբերյան մենահամերգները երաժշտական հաղթարշավի միայն սկիզբն են։ Առջևում սպասվում են նոր համերգներ, հիթային պրեմիերաներ ու անակնկալներ։ Դումիկյանի երկրպագուներին էլ միայն մեկ բան է մնում. առաջիկա համերգների տոմսերը ձեռք բերել հնարավորինս շուտ։ Չէ՞ որ, ինչպես փորձն է ցույց տալիս, դրանք սպառվում են չափազանց արագ՝ օրերի, կարելի է ասել, նույնիսկ ժամերի ընթացքում։