Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ
23/12/2024 16:20

Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ

Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման՝ առաջարկելով կրճատել աշխատաժամանակի տևողությունը դարձնելով 7 ժամ՝ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։

«Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ դա բոլորովին չի ազդում արտադրողականության աճի վրա, կամ բիզնես շահերին չի խոչընդոտում։ Մեկ այլ խնդիր ունենք իրականում․ մենք այսօրվա օրենսգրքով էլ ունենք, որ 8-ժամյա գրաֆիկով ենք աշխատում, բայց շատ կազմակերպություններում չի պահպանվում  8-ժամյա աշխատանքային գրաֆիկը։ Դրանով իսկ  խախտվում է  աշխատանքայն օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումը։ Մենք կարող ենք գեղեցիկ օրենքներ ունենալ գրած, բայց դա բոլորովին չի խանգարում մեզ՝ աշխատողների շրջանում խախտված իրավունքներ ունենալ»,-ասաց նա։

Էլեն Մանասերյանը նշեց, որ այստեղ միայն պետությունը չէ, որ պետք է վերահսկի։  Անելիք ունի նաև աշխատողը։ «Նախ, յուրաքանչյուր խախտում, որ տեղի է ունենում, պետք  է արձանագրվի աշխատողների կողմից։ Աշխատողը պետք է չլռի խախտումների մասին, այդ թվում նաև եթե կա արհիմություն, արհմիությանը դիմելով, եթե չկա, կարող է մեզ դիմել՝ արհմությունների կոնֆեդերացիային, որովհետև մենք կարողանում ենք նաև նրանց օգնել, գոնե իրավախորհրդատվություն տրամադրել»,-ասաց նա։

Ըստ Մանասերյանի՝ աշխատողները հաճախ լռում են իրենց խախտված աշխատանքային իրավունքների մասին, որովհետև վախենում են, որ աշխատանքը կկորցնեն․

«Իհարկե, աշխատանքով սոցիալ-տնտեսական խնդիրրներ ենք լուծում, բայց մենք ունենք բավական ոչ ֆորմալ  տնտեսություն, որտեղ համատարած են խախտումները։ Որևէ մեկը չունի նաև աշխատանքային  պայմանագիր, որ ֆիքսված լինի՝ ինքն այսուհետ 8-ժամյա՞ աշխատանքային պայմանագրով է աշխատելու, թե՞ 7-ժամյա կամ 12-ժամյա։ Սրանք այն բացերն են, որոնք պետք է փակվեն այդ թվում աշխատողների կողմից»,-ասաց նա։