Այս իշխանությունների կողմից ՀՀ-ն շարունակաբար նսեմացվում է, գերիների հարցով լուռ համաձայնության մեջ են Ադրբեջանի հետ. Իրավապաշտպան
17/01/2025 12:01

Այս իշխանությունների կողմից ՀՀ-ն շարունակաբար նսեմացվում է, գերիների հարցով լուռ համաձայնության մեջ են Ադրբեջանի հետ. Իրավապաշտպան

 ՀՀ իշխանություններն ադրբեջանական գերության մեջ հայտնված Արցախի պաշտոնյաների մասին երբևէ որևէ խոսք չեն ասել՝ հենց առաջին օրվանից, ավելին՝ հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում Ռուբեն Վարդանյանի մասին շատ բացասական արտահայտվեց,  Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների դատավարություններին, ՀՀ իշխանությունների քայլերին, ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի պնդմամբ՝ դրա պատճառները քաղաքական են.«Մարդկային քայլերն ամբողջությամբ, գերիների մասով, անտեսված են իշխանությունների կողմից։ Կարծես, ՀՀ իշխանություններն Ադրբեջանին լուռ համաձայնություն են տալիս, որ մեր գերիներն այնտեղ դատվեն»։

Ալեքսանյանը հնարավոր է համարում ինչ-որ արդյունքի հասնելը, եթե միջազգային կառույցներն ավելացնեն ճնշումներն Ադրբեջանի նկատմամբ.«Սակայն, առայժմ չեմ տեսնում նման բան, քաղաքական շահերով են առաջնորդվում պետությունները»։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի նամակին՝ նշեց.«Նա ուզում է հանրությանը տեղեկացնել, որ ոչ մի ցուցմունք չի տվել ՀՀ-ի դեմ, պարզ է, որ այդ մեղադրանքները՝ 42 դրվագով առաջադրված, կեղծ են։ Այս նամակը, կարծում եմ, կարող է ազդեցության գործոն լինել։ Շատ արժեքավոր նամակ է՝ ուղղված միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Շատ ծանր պայմաններում է եղել նա։ Չի կարող սա անարձագանք մնալ։ Հույս ունեմ, որ արձագանքներ կլինեն։ Իսկ այս իշխանություններից ոչինչ չեմ սպասում։ Մենք տեսնում ենք այս իշխանությունների լուռ համաձայնություններն Ադերբեջանի հետ և նրանց պահանջներին ընդառաջ գնալը։ Անհասկանալի իրավիճակ է այսօր Հայաստանում։ Ուզում են գերիների հարցերով հայցերը հետ վերցնել, դիմել են միջազգային դատարան։ Հայաստանը նսեմացվել և շարունակաբար նսեմացվում է այս իշխանությունների կողմից»։

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը նամակով դիմել էր միջազգային հանրությանը և բարձրաձայնել իր իրավունքների խախտման մասին։