Տեսարանները մտահոգիչ էին, բայց մենք իրավիճակին մոտենում ենք  չվնասելու տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Բաքվում Արցախի  ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» մասին
22/01/2025 19:50

Տեսարանները մտահոգիչ էին, բայց մենք իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» մասին

«Այն տեղեկությունները, որոնք իմացանք և այն տեսարանները, որոնք տեսանք, իհարկե շատ մտահոգիչ են, բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ»,- ԱԺ-ում պատասխանելով  ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝  ի՞նչ է անում Երևանը Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, թե ՀՀ դիվանագիտական օրակարգում գերիների վերադարձի հարցը մշտապես առկա է. «Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի: Էլի եմ ասում՝ մեր տրամաբանությունը չվնասելն է և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»:

Լիլիթ Գալստյանն արձագանքեց. «Դուք Ձեր մտահոգ լռությունը ներկայացնում եք՝ որպես չվնասելու տրամաբանություն: Ինձ համար և հազարավոր հայաստանցիների համար Հայաստանի և Ձեր լռությունը համարժեք է մեղսակցության»:

Փաշինյանն իր հերթին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորին․

«Ես հիմա կարող եմ ձեր հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել,  բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա: Դա մենք հասկանում՞ ենք, թե՞ չենք հասկանում»։