«HI AREV»-ը արև է տարածում շուրջբոլորը․ Լուսանկարներ
25/01/2025 16:14

«HI AREV»-ը արև է տարածում շուրջբոլորը․ Լուսանկարներ

Երբ միախառնվում են մանկական ժպիտն ու հույզերը, երաժշտական ունակություններն ու մեծ սերը արվեստի նկատմամբ, բեմ է բարձրանում «HI AREV»-ը: 4-15 տարեկան երաժշտական ընդունակություններօվ օժտված տաղանդավոր երեխաների խումբ, որ տարիներ շարունակ մանկական երգի ջերմությամբ է լցնում հայաստանյան և սփյուռքի հանդիսատեսի սրտերը: Թագուհի Գևորգյանի ղեկավարած «HI AREV» անսամբլը յուրատիպ մյուզիքլային ներկայացումներով կարճ ժամանակում իր ուրույն տեղը գտավ հայ երգարվեստում: Նկատենք՝ «HI AREV»-ի կատարումները հնչում են հանրապետական, մայրաքաղաքային մասշտաբային միջոցառումների ժամանակ: Անսամբլը մասնակցել է ՀՀ գլխավոր տոնածառի լույսերի վառման մյուզիքլային ներկայացումներին, «Էրեբունի-Երևան 2806»-ին, ֆրանկոֆոնիայի գալա համերգին, «Զարթոնք» պարախմբի 30-ամյակին, «Չարի վերջը» ներկայացմամբ մասնակցություն է ունեցալ Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը և այլն: «HI AREV»-ն իր արևային ջերմությունն է տարածում մանկական գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ:

«HI AREV»-ում փոքրիկների, պատանիների ստացած գրագետ երաժշտական կրթության շնորհիվ անսամբլի շրջանավարտներից շատերը շարունակում են երաժշտական կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, իրենց արժանի տեղն են գրավում երաժշտական աշխարհում: Նկատենք՝ 2023թ. Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրեց «HI AREV»-ի շրջանավարտ Բրյունետը՝ իր էմոցիոնալ և գրագետ կատարմամբ գրավելով հայ և այլազգի հանդիսատեսի սրտերը:

 «HI AREV»- ի բազմաժանր երգացանկի երգերից օգտվում են հանրապետության և նույնիսկ սփյուռքում գործող դպրոցներն ու արվեստի կենտրոնները: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երգերը սիրված են ամենուր, ինչը մեզ պարտավորեցնում է, ստիպում ավելի շատ աշխատել՝ ստեղծել նոր երգեր, նկարահանել նոր տեսահոլովակներ: Մենք ունենք սկզբունք, որով ապրում ու ստեղծագործում ենք, այն է՝ երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով: Ի դեպ, առաջիկայում «HI AREV»-ը հանդես կգա երաժշտական նոր համերգ-ներկայացումով, որտեղ կհնչեն նոր երգեր՝ նոր գործիքավորմամբ և բացառապես նոր բեմադրությամբ»,-ասում է անսամբլի ղեկավար Թագուհի Գևորգյանը:

Մասնակցությունը «Դեպի մեծ երազանքներ» և «Երազանքի պահապանները» երաժշտաթատերական ներկայացումներին՝ հրաշալի փորձառություն էր «HI AREV» անսամբլի համար. մշտապես մյուզիքլային ժանրում հանդես եկող արտիստներն այս անգամ ներկայացան նաև դերասանական խաղով:

Անսամբլը հանդես է գալիս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում և հայաշատ երկրներում՝ սփյուռքի երաժշտասեր հասարակությանը փոխանցելով այնքան կարոտած «հայ արևը»:  Համագործակցում է հանրապետությունում ճանաչված արտիստների հետ, նկարահանվում վերջիններիս տեսահոլովակներում, մասնակցել են բուժաշխատողներին նվիրված «Վստահում եմ» երգի ձայնագրման աշխատանքներին, որը հնչում է բժիշկներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Անսամբլի հաջողությունների հիմքում խմբի ղեկավար Թագուհի Գևորգյանի մեծ սերն է իր սաների և երգարվեստի նկատմամբ: Մասնագիտական հարուստ փորձառությամբ ղեկավարի շնորհիվ երեխաներից շատերն իրենց ապագան տեսնում են մեծ երգարվեստում, վայելում բեմում անցկացրած յուրաքանչյուր պահը, հպարտանում իրենց հաջողություններով և ապրում մեծ բեմեր գրավելու երազանքով: 

 

 

«HI AREV»-ը արև է տարածում շուրջբոլորը․ Լուսանկարներ