.jpg)
Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը
Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը:
Ադրբեջանը, ցանկանալով տպավորություն թողնել, իբրև «բաց դատավարության» ընթացքում «հավատարիմ է մնում» իրավական ընթացակարգերին, պատրանք ստեղծել, իբրև քննարկում է նաև առևանգված ու ապօրինաբար Բաքու տեղափոխված և անօրինականորեն կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խափանման միջոց կալանքը «տնային կալանքով» փոխելու հարցը, «քննարկել է» համապատասխան միջնորդությունը և, ինչպես սպասելի էր, մերժել է այն։
Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա նրա՝ առանձնացված գործի քննության ժամանակ Բաքվի դատարանը մերժել է հավելյալ ժամանակ հատկացնել, որպեսզի Վարդանյանը կարողանա ուսումնասիրել իր վերաբերյալ շինծու գործի նյութերը։ Նշել են, իբրև մինչ այդ տրամադրված ժամանակը «բավարար» է եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով փոխանցված իր ուղերձում նշել էր․ «․․․ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել լոկ թերթել քրեական գործի 422 հատորները, որոնք ադրբեջաներենով են, որին ես չեմ տիրապետում, և դրա համար բավական կարճ ժամանակ են տվել՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը։ Հոդվածները, որոնցով ինձ մեղադրանք է առաջադրվել, ինձ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել են միայն 2025 թվականի հունվարի 8-ին։
Իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ հայտնել եմ միայն անուն-ազգանունս։
Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք են։ Այդպիսի փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Փաստաբանիս և թարգմանչիս ստիպել են ստորագրել այս փաստաթղթերը։
Կրկին ընդգծում եմ իմ և իմ հայրենակիցների անմեղությունը և պահանջում եմ, որպեսզի անհապաղ դադարեցվի մեր դեմ ուղղված այս քաղաքականացված գործը»։