Հայ դատի հանձնախումբը ստացել է Մելանի Ժոլիի գրությունը, որում նա  շեշտել է Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման, արցախցիների վերադարձի անհրաժեշտությունը
30/01/2025 23:19

Հայ դատի հանձնախումբը ստացել է Մելանի Ժոլիի գրությունը, որում նա շեշտել է Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման, արցախցիների վերադարձի անհրաժեշտությունը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարել է․

«Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

- Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

- Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

 - Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

- Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

30 հունվար 2025թ․»։