ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն անընդունելի ու անարդարացի է. Կամո Աթայան
31/01/2025 16:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն անընդունելի ու անարդարացի է. Կամո Աթայան

1988 թվականի փետրվարին ԽՍՀՄ կազմավորումներից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը կուսակցական լկտի որոշմամբ 1923-ին բռնակցվել էր ԱդրԽՍՀ-ին, օգտվելով տոտալիտար երկրի հերթական «ժողովրդավար» քայլից, մարզխորհրդի որոշմամբ և սահմանադրական իրավունքով խնդրեց կենտրոնական իշխանությանը, մարզը մտցնել ՀԽՍՀ-ի կազմ:

Ադրբեջանի իշխանությունները սվիններով ընդունեցին այդ որոշումը և հարցը միանշանակ «տեղավորեցին» տարածքային պահանջների տիրույթում՝ մոռանալով ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին: Սկիզբ առավ հայ ժողովրդի ցեղասպանությունների շղթան՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր, որի հետևանքով Ադրբեջանում ապրող մոտ 400,000 հայեր դարձան գաղթական:

Շուտով փլուզվեց ԽՍՀՄ-ը: Թվում էր, թե գործող միջազգային իրավունքը կտարածվի և Արցախի հիմնախնդիրը կստանա վերջնական ու արդարացի լուծում, բայց ոչ: Հայ ժողովուրդը ընդամենը ստացավ պատերազմ, այն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ:

Այդ իրավիճակում՝ 1992-ին, միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը, որը կարողացավ իր ինքնապաշտպանության ուժերի՝ Պաշտպանության բանակի հնարավորություններով ազատագրել հնամենի հայկական տարածքները, և 1994-ի մայիսին հրադադար պարտադրվեց Ադրբեջանին:

1992-ին Արցախի հարցով նկատելի տեղաշարժ կատարվեց՝ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ: Այդ խումբը, որտեղ ներառված են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, պետք է հակամարտության լուծման տարբերակներ գտներ՝ կարևոր երեք սկզբունքների՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժ չկիրառելու հենքի վրա:

Համանախագահողները շուրջ 28 տարի պարբերաբար այցելում էին Երևան, Բաքու և Ստեփանակերտ ու գտնվում էին որոնումների մեջ: Լուծման տարբերակներից մեկը՝ «Մադրիդյան սկզբունքներ» վերտառությամբ, սկսած 2007-2008 թվականներից ակտիվ քննարկվում էր: Ակտիվ էին նաև համանախագահող երկրների նախագահները, որոնք այդ ընթացքում համատեղ ընդունել էին հինգ հայտարարություն:

Սակայն աշխարհը խորը փոփոխությունների շրջափուլում էր գտնվում: Հին աշխարհակարգը, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ու նրա արդյունքներով, այլևս չէր գործում, չէր գործում նաև միջազգային խախուտ իրավունքը: Քաղաքակրթությունը պատեց նաև COVID-19 համաճարակը, և այս քաոսից առաջինը կարողացավ «օգտվել» թուրք-ադրբեջանական տանդեմը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին ագրեսիա սկսելով Արցախի չճանաչված պետության նկատմամբ:

Պատերազմը կանգնեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հատուկ հայտարարությամբ: Պատերազմում Արցախը և նրա անվտանգության երաշխավոր Հայաստանը պարտվեցին, բայց Արցախի Հանրապետությունը դեռևս կենդանի էր և որոշակի հույսեր էր կապում ՌԴ-ի՝ Արցախում ծավալած խաղաղապահ գործունեության հետ:

Ավաղ, ծավալվող իրադարձությունները հակառակի մասին էին խոսում. ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածություններ էին ձեռք բերվում: Հողի վրա, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսվում է Արցախի մնացած մասի տոտալ շրջափակումը, իսկ 2023-ի սեպտեմբերի 18-19-ին Ադրբեջանը, ոտնահարելով բոլոր պայմանավորվածությունները, նոր ագրեսիա է սկսում արնաքամ եղած հանրապետության նկատմամբ:

Աշխարհի աչքի առաջ, երբեմնի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի իմացությամբ, ՌԴ տեղակայված ուժերի ազդեցության գոտում սկսվում է հազարամյա Արցախից, հայի աստվածատուր հայրենիքից՝ իր բնիկ ժողովրդի բռնի տեղահանման գործողությունը, և մի քանի օրվա ընթացքում մոտ 120,000 հայ դառնում է փախստական:

Որպեսզի Արցախի խնդիրը ասպարեզից ընդհանրապես հանվի, փորձում են վերացնել նաև Արցախի խնդրով ստեղծված միակ միջազգային օրինական հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Խնդրում և հորդորում ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական երեք անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի կառավարություններին, որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, պահպանել Մինսկի խումբը և միջազգային իրավունքի գործիքակազմով ժամանակի ընթացքում արդարացի լուծում փնտրել Արցախի գոյություն ունեցող խնդրի համար: Մինսկի խմբի լուծարմամբ աշխարհի բոլոր անկյուններում ավելի է լկտիանալու թուրք-ադրբեջանական գիշատիչ տանդեմը՝ ոտնահարելով միջազգային իրավունքը և հազարամյակներով ստեղծված ու իր հետ ոչ մի կապ չունեցող համամարդկային արժեքները: