ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից
01/02/2025 14:46

ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է կոմբինատի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ լուրեր են հասել, որ ընդվզողների հանդեպ կոշտ գործողություններ են  ձեռնարկվելու, ընդհուպ՝ աշխատանքից հեռացում։

«Մեզ սպառնացել են և ոչ մեկ անգամ։ Դա տեղի է ունենում անընդհատ։ Նույնիսկ արհմիությունն էր փորձում մեզ հետ կանգնեցնել այս գործընթացից։  Նրանք սպառնացել են մեզ հեռացնել աշխատանքից։

Այսինքն՝  ազատ կամարտահայտության համար սպառնում են մարդուն աշխատանքից ազատել»,-  ասել է բողոքի ակցիայի մասնակից Վահեն։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 50%-ից  ավելի աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք կոմբինատի հիմնական արտադրամասի աշխատակիցներն են։

«Տևական ժամանակ է փորձում ենք գործատուի հետ կառուցողական երկխոսություն սկսել, որովհետև բացակայում են  բաց հաղորդակցության և երկխոսության խողովակները։ Փորձում ենք ներկայացնել աշխատավարձի վերանայման մեր պահանջները։ Մինչ այս  կազմակերպել էինք ստորագրահավաք և արդեն իսկ այդ փուլից սկսած  գործատուն ամեն կերպ փորձում է մեզ խոչընդոտել։ Միայն մեր մոտից՝ հարստացուցիչ ֆաբրիկայից, ակցիային միացել է շուրջ 170 հոգի։ Բայց մասնակիցների թիվը  շատ է, քանի որ բոլոր արտադրամասներն են ստորագրահավաք կազմակերպել և միացել գործադուլին»,-  տեղեկացրել է  զրուցակիցը՝ Քաջարանից։

Նշենք, որ  արդեն երկրորդ օրն է ԶՄՊԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ  է անում։  Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների նվազագույն բարելավում։

Աշխատավարձերի բարձրացման հարցն աշխատակիցները դեռևս երկու ամիս առաջ են բարձրացրել, սակայն ՝ ապարդյուն։

«Կոնկրետ մեր արտադրամասում ստորագրահավաք սկսել ենք անել 15 օր առաջ, իսկ երկու ամիս առաջ էլ՝ բաց հանքի աշխատակիցներն են իրականացրել, բայց որևէ արձագանք չկա։ Չկան բաց երկխոսության գործիքակազմեր, մենք այս ընթացքում չենք հանդիպել կոմբինատի ղեկավար կազմի հետ։ Խնդրի մասին բանավոր կերպով փոխանցվել է տեղամասի պետերի միջոցով, ինչն ընդհանրապես արդյունք չի տվել։ Մենք փորձում ենք մասնակցել որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են մեր աշխատանքային պայմանների բարելավմանը։ Հանքում ապրելով, գոնե մի փոքր լավ ապրելու,չեմ ասում՝ բարեկեցիկ, բայց մի փոքր լավ ապրելու իրավունք ունենք։ Այն աշխատավարձերը, որոնք պաշտոնապես հրապարակվում են, չենք կարող համեմատականներ դնել այլ համայնքների հետ, որովհետև, օրինակ, նույնիսկ Կապանի հետ համեմատած գնային տարբերություն կա»,- ասել է ԶՄՊԿ-ի աշխատակիցը։

Հիմնավորել պահանջը, ԶՄՊԿ-ի աշխատակիցն ընդգծել է, որ այլ հանքավայրերի աշխատող անձանձ աշխատավարձերի համեմատ, իրենցն ավելի ցածր է․

«Իմ մասնագիտությամբ, կարող եմ ասել, որ Հայստանում գործող հանքավայրեում նույն աշխատակիցը 20-30 տոկոսով ավելի բարձր է ստանում, քան՝ ես, թեև այս հզոր արտադրությունը հնարավորություններ ունի իր աշխատակիցների և մարդկային կապիտալի մեջ ներդրումներ անելու, գոնե՝ առողջության պահպանման կանխարգելման գործողություններ»։

Բացի աշխատավարձերի բարձրացման պահանջից, աշխատակիցները դժգոհեցին նաև աշխատանքային պայմաններից, որոնք էլ ավելի մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը։

«Արտադրամասում նույնիսկ չկան նաև օդափոխության համակարգեր, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թունավոր նյութեր։ Աշխատակիցների առողջության պահպանության առումով  նվազագույն պայմանները բացակայում են։ Կարող ենք ասել, որ միտումնավոր կերպով մարդու առողջությանը վնաս է հասցվում»,- ասել է աշխատակիցը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԶՄՊԿ-ի աշխատակիցները աշխատանքային պայմաններից դժգոհում են։ Թե՛ 2021թ․-ին, թե ՛ 2023թ․-ին աշխատակիցները գործադուլեր իրականացրեցին, սակայն իրավիճակը մնաց անփոփոխ և դեռ շարունակվում են աշխատակիցների իրավունքների ոտանահարման դրվագները։ Գուցե գործատուն օգտվում է առիթից, որ համայնքում հիմնական զբաղվածությունն ապահովում է հենց կոմբինատը և «աշխատանքից հեռացնելու» սպառնալիքով փորձում լռեցնել աշխակիցներին։

«2018թ․-ից ի վեր մեր աշխատավարձերի բարձրացում չի եղել»,- ասել է գործադուլ անող աշխատակիցներից Հայկը։

Նրա խոսքով՝ աշխատակիցների մեծ մասն այս պահին գործադուլ է անում դրսում, մի մասը՝ մեքենանների մեջ են, մյուս մասն էլ՝ հենց աշխատավայրում։ Այսինքն՝ կոմբինատի աշխատակիցների հիմնական մասն այս պահին գործադուլի մեջ է։

«Մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ ներկայացնելով մեր արդարացի պահանջը»,- նշել է Հայկը։

Նա շեշտել է, որ շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ մինչև հասնեն իրենց պահանջների բավարարմանը։