.jpg)
11/02/2025 13:14
ԶՊՄԿ-ն հրաժարվել է «Ինգո Արմենիայից». անորակ ծառայությո՞ւն, թե՞ «Սիլ ինշուրանսի» օգտին գործողություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաժարվում է 2024թ. ընթացքում բժշկական ապահովագրություն իրականացրած ապահովագրական ընկերությունից։ Այս մասին իր հարցազրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Նրա խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում ընկերությունը մի շարք խնդիրներ է ունեցել ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերության հետ, դժգոհություններ կան, որոնք, մասնավորապես, կապված են հատուցումների տրամադրման, կազմակերպման գործընթացի հետ։
Նշենք, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն օգտվում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ծառայություններից:
Aysor.am-ի տեղեկություններով՝ Կոմբինատի աշխատանքի պարալիզացման պատճառն այն էր, որ 4000-ից ավելի աշխատակից ունեցող ընկերության՝ միլիարդների հասնող ապահովագրությունն իրականացնի ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս»-ը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում կոմբինատը նոր մրցույթ է հայտարարելու, որում հաղթող է ճանաչվելու բիզնեսմեն պատգամավորի ընկերությունը:
Այս հանգամանքով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունը միտումնավոր չէր նկատում արդյունաբերական հսկայում կատարվողը:
Ավելին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե իրենք ոչինչ չեն ձեռնարկելու, քանի որ գործադուլի պատճառները կառավարության գործունեության տիրույթում չեն:
Aysor.am-ը փորձեց կապ հաստատել «Ինգո Արմենիայի» հետ, որտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հացերին՝ խնդրելով հարցումն ուղարկել գրավոր: