Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք»․ Հովհաննիսյան
11/02/2025 14:56

Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք»․ Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք, եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի, եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից, եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։

Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։ Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գյուղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։ Մինչև դուք եկաք»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահը մեղադրեց արցախցիներին, որ չեն մնացել ու պայքարել։

«Երբ դուք այդտեղից դուրս եկաք, անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պարբերաբար կրկնելով՝ «պետք էր կռվել»։