«Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին
12/02/2025 22:12

«Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին

Երկու օր առաջ Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։

«Դրոշը հեռացվել է իմ որոշմամբ»,- MediaHub-ին ասել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։

Ավելի համոզիչ երևալու համար, որ Արցախի դրոշը ռադիոտան մոտից հանելը ի՛ր որոշումն է, Քոլոյանը նշել էր․ «Ուզո՞ւմ եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է»։

 Ապա պնդել էր, թե մի բան էլ ուշ է հեռացրել դրոշը, կես տարի առաջ պետք է արած լիներ։

 «Կներեք, որ դանդաղ եմ մտածել»,- ասել էր Քոլոյանը։

 Տեղի ունեցածին անդրադարձել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը․

 «Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.

Դրոշը բարձրացվել էր 2020 թվականի վերջում կամ 2021-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:

Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շևրոն կրում իրենց ուսերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված:

 Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և՛ ողջերի, և՛ զոհվածների մեջ:

Չարժեր դրոշին ձեռք տալ:

 Այդպիսի բաները չեն մոռացվում»,- սոցցանցի իր էջում գրել է Գարեգին Խումարյանը: