.jpg)
Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրագրողի նյութը լրիվ այլ բովանդակությամբ է ներկայացրել
Լրագրող Նարեկ Կիրակոսյանն անդրադարձել է Կարեն Ջալավյանի աղմկահարույց հայտարարությանը, որը վերաբերում է լրագրողի տեսանյութի հիման վրա բլոգեր Ռոման Բաղդասարյանի մոնտաժած ու տարածած հրապարակմանը:
«Օրերս այցելել էի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված Սերգեյ Աթայանի ծնողներին և հրապարակել այս հոդվածը։ Հրապարակումը Սերգեյի ու նրա ընկերների մարտական ուղու, հայրենասիրության, ինչպես նաև դժվարին պայմաններում թշնամու 50-60 հոգանոց խմբերի դեմ մղած նրանց պայքարի մասին է։ Դիրքում եղել են 8 հոգի, որոշել եմ բոլորին առանձին անդրադառնալ։
Իմ հրապարակումից հետո մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը վերցրել է այն և մոնտաժի միջոցով լրիվ այլ բովանդակությամբ ներկայացրել՝ թիրախավորելով Քյոխին և Սերգեյի ծնողներին։ Քյոխի մասին ընդամենը մեկ նախադասություն է եղել, Սերգեյի հայրը ներկայացրել է իր գնահատականը։ Ես իմ հարցերով այդ թեման չեմ ընդլայնել՝ հաշվի առնելով, որ իմ հրապարակման առանցքում Սերգեյի պատմությունն է։
Ցավում եմ, որ այս արժեքավոր նյութը, որը պատմում է Սերգեյի հայրենասիրության մասին, ավելի քիչ է տարածվել, քան դրա խեղաթյուրված տարբերակը»,- նշել է լրագրողը։
Նարեկ Կիրակոսյանը դիմելու է «Յութուբ»-ին՝ իր տեսանյութի հիման վրա պատրաստված քարոզչական բնույթի տեսանյութը հեռացնելու համար։
Ստորև ներկայացնում ենք Նարեկ Կիրակոսյանի այն տեսանյութը, որից մոնտաժած հատվածներով Ռոման Բաղդասարյանը պատրաստել ու հրապարակել է տեսանյութը:
Ավելի վաղ հրապարակել էինք նաև Կարեն Ջալավյանի արձագանքը։