Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները
15/02/2025 15:47

Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ են տրվել այն հեղինակներին, որոնք հետաքրքիր և արժեքավոր գրքեր են հրատարակել 2024 թվականին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակները (արձակ) տրվել են Ալիս Հովհաննիսյանին՝ «Աղանդերի դարը և հետոն» և Շանթ Մկրտչյանին՝ «Տունը երազի ափին» գրքերի համար:

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակները (պոեզիա) տրվել են Գոհար Գալստյանին՝ «Բառ ընդ ժամանակս» և Գագիկ Սարոյանին՝ «Այլ» գրքերի համար:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակները (հրապարակագրություն) շնորհվել են Գագիկ Դավթյանին՝ «Իմ Սևակը» և Տիգրան Նիկողոսյանին՝ «Կյանքը բաց նամակներում» գրքերի համար:

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացել է Գրիգոր Ջանիկյանը՝ երեք թարգմանական գրքերի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվել է Մանասեին՝ «Թևածող անթարգմանելին» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) տրվել է Նանեին՝ «Թևթևիկը» գրքի համար։

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվել է Աելիտա Դոլուխանյանին, Վազգեն Սարգսյանի անվան ՀԳՄ և ԵԿՄ մրցանակը՝ Ռոբերտ Եսայանին, Եղիշե Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակները հանձնվել են Հակոբ Մովսեսին «Գրառումներ 4» և Արմենուհի Սիսյանին «Մեղեդին չի ավարտվում» գրքերի համար, Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» անվամբ մրցանակը տրվել է Էդվարդ Միլիտոնյանին Ավ. Իսահակյանին նվիրված շարք, «Պատմության շախմատ» և «Ամենալավ նվերը» գրքերի համար (առանց մրցանակային գումարի):

Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները