.jpg)
Անիմաստ է քննարկել ԼՂ կարգավիճակի հարց, այսօր փոքր հավանականություն կա քննարկելու միայն արցախցիների վերադարձի հարց, ռեալիզմը սա է. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հարցով ամենակոշտ բանակցողը եղել է Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ից 2020 թվականներին, այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ էին, որովհետև ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, այլ ասում էր՝ «էս ի՞նչ եք բերել, ես ի՞նչ եք քննարկում. ավելի կոշտ չի եղել»,- ասաց նա։
ՀՀ 2-րդ նախագահը պնդեց՝ ինքը երբեք որևէ բանակցային գործընթացից չի հրաժարվել, չի վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեն, որը չէր կարող բարեփոխել։
«Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն, իսկ դիվանագիտությունը պատ ջարդելը չէ»,- նշեց նա։
Քոչարյանն ասաց, թե ԼՂ հարցով այսօր չափազանց ծանր վիճակ է, անիմաստ է քննարկել կարգավիճակի հարց, այսօր փոքր հավանականություն կա քննարկելու միայն արցախցիների վերադարձի հարցը։
«Ռեալիզմը սա է, պետք է գնահատես՝ ինչն է իրատեսական, ինչը՝ ոչ»,- ընդգծեց նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե կեղծ է այն թեզը, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից։
«Երբեք, դուք մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան ու չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել ԼՂ ղեկավարության հետ»,- հավելեց ՀՀ 2-րդ նախագահը։