Հակոբ Արշակյանը հանդիպել  է բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ
17/02/2025 19:21

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն  է տարածել․

«Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ և Էկոնոմիկայի նախարարների տեղակալները:

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարևորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը և հասանելիությունը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը:

Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաև համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտագործման համար սահմանված վճարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման և տեղափոխման խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` քննարկմանը մասնակցելու և գործադրած ջանքերի համար: Նա կարևորել է օրենսդիր, գործադիր և մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով:

ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար»:

 

Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ