Եթե բոլորս կարողանում ենք գնահատական տալ Տիրան Խաչատրյանի ու մյուսների գործողություններին, պետք է գնայինք մարտերը ղեկավարեինք ու հաջողություն ունենայինք. Փաստաբան (Տեսանյութ)
18/02/2025 13:48

Եթե բոլորս կարողանում ենք գնահատական տալ Տիրան Խաչատրյանի ու մյուսների գործողություններին, պետք է գնայինք մարտերը ղեկավարեինք ու հաջողություն ունենայինք. Փաստաբան (Տեսանյութ)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, մեկնարկել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:

Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտարարեց, թե բոլորը, նստած իրենց տեղերում, գնահատական են տալիս  պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործողություններին։

«Քննիչն իր աշխատասենյակում նստած, դատախազն՝ իր, փորձագետն՝ իր,  փաստաբաններով մեր աշխատասենյակներում նստած վերլուծում ենք՝ «այ, որ սենց աներ, սենց կլիներ, սենց չաներ, սենց չէր լինի»։ Ժողովո՛ւրդ ջան, եթե մենք  բոլորոս կարողանում ենք  գնահատական տալ Տիրան Խաչատրյանի ու մյուսների գործողություններին, ուրեմն մենք մեր մասնագիտությունը սխալ ենք ընտրել, պետք է գնայինք, մարտերը ղեկավարեինք ու հաջողություն ունենայինք, բայց իրականությունը լրիվ այլ է»,- հայտարարեց նա։

Փաստաբանի խոսքով՝ եղել են իրավիճակներ, երբ «կաբինետներում» նստած այդ իրավիճակներին գնահատական տալն անհնար է եղել։

«Բարոյականությունից ենք խոսում, ամենամեծ բարոյական խնդիրը ես այստեղ եմ տեսնում»,- ընդգծեց Անդրիկյանը։

Փաստաբանը դատարանին խնդրեց փոփոխել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

«Դատարանին միջնորդում եմ, որ ավելի նվազ խստություն պարունակող խափանման միջոց կիրառի»,- նշեց նա։

Փաստաբան Անդրիկյանը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև Տիրան Խաչատրյանի անձը, որ արցախյան երեք պատերազմների մասնակից է, «Ազգային հերոս» բարձրագույն կոչում ունի, ունի բազմաթիվ շքանշաններ, խնամքին ունի հիվանդություն ունեցող կին, հաշմանդամության կարգ ունի։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ 
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։