Մեր պայքարը միտված է Արցախ վերադարձի իրավունքի հարցը միջազգային օրակարգ տանելուն. Դավիթ Գալստյան
20/02/2025 12:17

Մեր պայքարը միտված է Արցախ վերադարձի իրավունքի հարցը միջազգային օրակարգ տանելուն. Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանի օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ մենք կորցրինք Արցախը, որն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և բոլորս հասկանում ենք, որ նոր Սահմանադրության մասին խոսելը թուրք–ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է, որին տրվել են օրվա իշխանությունները. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

 

«Օրվա իշխանությունները փորձում են հաճոյանալ թուրք–ադրբեջանական տանդեմին, և հենց այնտեղ հենարան գտնել իրենց համար»,–ասաց նա։

 

Դավիթ Գալստյանի խոսքով՝ իրենց պայքարը միտված է Արցախ վերադարձի իրավունքի հարցը միջազգային օրակարգ տանելուն և բնակցությունների ընթացքում քննարկելուն։

 

«Քանի չկան բանակցություններ, և չկա, ցավոք սրտի, Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի կողմից ինստիտուցիոնալ պահանջ, որպեսզի այդ հարցը մտնի միջազգային հարթակներում օրակարգ, իհարկե, այլ դաշտում չի կարող քննարկվել Արցախի հարցը»,–ասաց նա՝ նշելով, որ ներկայիս իշխանությունները բանակցություններ վարելու փոխարեն գլխիկոր հրահանգներ են կատարում միայն: 

 

Անդրադառնալով նրան, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի համար դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պատգամավորն ասաց.



«Օրվա իշխանությունները ցանկացած առիթ բաց չեն թողնում իրենց մեղքերը այլ անձանց վրա բարդելու համար։ Սա հերթական նման դատն է։ Ըստ փաստաբանի, նրանց ունեցած միակ փաստը, որ Սարգիս Գալստյանն իբրև թե լրտես է, հայ-թուրքական բառարանն է, որը գտել են, ինչն այդ մարդու մասնագիտությունն է։

 

Ես, իհարկե, բացասաբար եմ վերաբերվում ճնշումների ներքո կորզած ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա մարդուն ազատազրկելուն»,–ասաց Դավիթ Գալստյանը։