Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի հետ կապված ՄԻՊ-ն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին
27/02/2025 10:49

Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի հետ կապված ՄԻՊ-ն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։

«Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին:

Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում: 

Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ 

Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին»,-հայտնեց Արթուր Ասլանյանը։