Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել
28/02/2025 09:32

Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել

37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները, և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:

Հանցավոր խմբերին նախապես մետաղաձողեր էին բաժանել, շատերը եղել էին զինված, որոշները` խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ:

Մի քանի օր շարունակ, տարբեր վայրերում մեծաթիվ հայեր սպանվեցին, ողջակիզվեցին, վիրավորվեցին, դաժան բռնությունների ենթարկվեցին, բռնաբարվեցին:

Ոչնչացվեցին հայերին պատկանող գույքը` բնակարանների, հասարական նշանակության օբյեկտների և այլ ձևով։ Մինչև 20 հզ հայ բռնի տեղահանվեց:

Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով, իսկ սրանց զսպելը բացառապես ուժեղ, զարգացող և մրցունակ պետության կառուցումն է», - նշել է նա: