Թուրքմենստանը երկարաձգել է դեպի Մոսկվա  ավիաչվերթները դադարեցնելու որոշումը
28/02/2025 19:27

Թուրքմենստանը երկարաձգել է դեպի Մոսկվա ավիաչվերթները դադարեցնելու որոշումը

«Թուրքմենստանի ավիաուղիները» ևս մեկ ամսով՝ մինչև մարտի 31-ը, երկարաձգել են Աշխաբադ-Մոսկվա չվերթները դադարեցնելու մասին ավելի վաղ ընդունված որոշման ժամկետը։

Ավիաընկերությունը սկզբում 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն էր չեղարկել Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ կանոնավոր չվերթները։ Փետրվարին  ժամկետը  երկարացվեց,  այսօր տարածած հաղորդագրությամբ էլ նշվում է, որ թռիչքներ դեպի Մոսկվա չեն իրականացվի մինչև մարտի 31-ը։

Թուրքմենստանի ավիաընկերությունը 2024 թվականի հունիսի 2-ից ժամանակավորապես դադարեցրել է նաև Աշխաբադ-Կազան-Աշխաբադ թռիչքները։ Պաշտոնական հաղորդագրությունում պատճառների մասին չի նշվում, սակայն ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ ևս դադարեցրել են թռիչքները դեպի Ռուսաստան՝ դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից  հետո։

Ներկայումս Աշխաբադ-Մոսկվա  չվերթերն իրականացնում է ռուսական S7 Airlines ավիաընկերությունը։

Թուրքմենստանը երկարաձգել է դեպի Մոսկվա ավիաչվերթները դադարեցնելու որոշումը