Ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել. Հակոբ Արշակյանը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին
28/02/2025 10:39

Ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել. Հակոբ Արշակյանը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել ծաղկավաճառի հետ երկխոսության մասին:

Մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներից մեկը Արշակյանին հիշեցրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ու հարց հնչեցրել. «Իսկ ձեր թիմին որևէ մեկը չի՞ բացատրում Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու կարևորությունը…»։

Ի պատասխան՝ Արշակյանը նշել է, թե աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

«Շնորհակալ եմ հարցի համար։ Ռազմագերիների և պահվող անձանց հարցով զբաղվելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։ Աշխատանքի արդյունքում տասնյակ անձինք վերադարձել են Հայաստան և աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

Այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել չվնասելու սկզբունքով, և ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել»,- պատասխանել է ԱԺ փոխնախագահը։