.jpg)
Կարևոր է, որ Կարմիր Խաչի հաջորդ այցելությունը Ռուբեն Վարդանյանին ուշացած չլինի. Նարինե Աղաբալյան (Տեսանյութ)
Ունենք հիմնավոր հիմքեր արձանագրելու, որ առկա են խոշտանգումների դեպքեր Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների նկատմամբ, այս մասին ԿԽՄԿ գրասենյակի դիմաց «Փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։
«ԿԽՄԿ-ն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։
Կոչ ենք անում անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով, ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը, երաշխավորել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Անշուշտ, նույն մոտեցումը պետք է կիրառելի լինի նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ»,-հայտարարեց Նարինե Աղաբալյանը։
Նա նշեց, թե պետք է հասցեագրել Ռուբեն Վարդանյանի հացադուլի պատճառները և միջնորդել ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը, որոնց համար ադրբեջանական կողմը կրում է հատուկ պատասխանատվություն։ Ներկայացնել անկողմնակալ զեկույց Ռուբեն Վարդանյանի և այլ հայ գերիների կալանքի պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային չափանիշների»,-հայտարարեց Նարինե Աղաբալյանը։
Նա ԿԽՄԿ-ին կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել հացադուլի դադարեցման ուղղությամբ։
«Կարևոր է, որ Կարմիր Խաչի հաջորդ այցելությունը չլինի ուշացած»,-ասաց Աղաբալյանը։