.jpg)
Բաքվում կեղծ դատավարությամբ դատում են ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այլև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը. Սեյրան Օհանյան
Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտապես, այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք կատարեն` հարցը բարձրացնելով և երկկողմ, և միջազգային բանակցություններում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ, նրանց հետ անմիջական կապի մեջ լինեն։
Օհանյանը գտնում է, որ Ադրբեջանին անընդհատ զիջելը ոչ մի լավ տեղ չի տանելու։
«Այս առումով մենք պետք է անընդհատ բարձրացնենք այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն օրինական են ընտրվել Արցախի ինքնորոշման ժամանակ, որ նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլև դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի Հայաստանի Հանրապետություն»»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո։
«Մի օր դրա դեմը պետք է առնել, իսկ դրա դեմն առնելու ամենառեալ, ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանը, հանդիսանալով հանցագործ ու ագրեսոր կողմ, փորձում է միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ զինանոցը կիրառել Հայաստանի նկատմամբ։
«Դա և՛ բանակ չունենալու պահանջն է, և՛ զինված ուժերի վերահսկողության պահանջն է, և՛ մեր տարածքում գտնվելն է, և՛ պարտադրանքով սահմանազատում, սահմանագծում իրականացնելն է, և՛ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջն է Հայաստանում, և՛ Սահմանադրության փոփոխության պահանջն է։
Ադրբեջանն այսօր փորձում է այդ սլաքներն ուղղել Հայաստանի դեմ և Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե չպայքարեն, դրա դեմը չառնեն, ապա այդ սլաքներն ուղղվելու են անընդհատ և արդյունքում մի օր կարող են հանգեցնել նոր ռազմական բախումների»,-հավելեց Սեյրան Օհանյանը։