.jpg)
Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը հայտարարում է մրցույթ (Տեսանյութ)
Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը հայտարարում է նոր լայնամասշտաբ նախաձեռնության մասին։ Երիտասարդները ստանում են բացառիկ հնարավորություն՝ խորասուզվելու Հայրենական մեծ պատերազմի էջերի մեջ՝ ներկայացնելու իրենց ստեղծագործական մտքերը։
«Հայտարարում ենք նոր մրցույթ, որը վերաբերելու է Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակին։ Մեզ համար շատ կարևոր է հիմա, առավել քան երբևէ, խոսել հաղթանակների մասին, որովհետև այսօր Հայաստանի համար շատ կարևոր են հաղթանակները, դրանք հիշելը, որպեսզի ունենանք հավատ, քանի որ հաղթանակները կրկնվելու հատկություն ունեն»,-հայտարարեց ՀԵՄ նախագահ Լիանա Մանուկյանը։
Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երիտասարդները, իսկ հաղթողին ընտրելու է ժյուրին։
Մրցույթն անցկացնելու է երկու խորագրերի ներքո. առաջինը՝ «Հաղթանակն իմ արխիվներում»։
Մասնակիցները այս խորագրի ներքո հնարավորություն են ստանում ներկայացնել բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, կամ այլ փաստավավերագրական կամ ստեղծագործական նյութեր, որոնք ժառանգության են հասել մեր երիտասարդներին պատերազմում անմահացած կամ մասնակից հերոսներից։
Երկրորդ թեման է՝ «Փոքրիկ Արցախը մեծ հաղթանակի համար»․ այս խորագրի ներքո պետք է ներկայացվեն նյութեր, որոնք վերաբերում են արցախցի հերոսներին և նրանց մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին։
Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած անձինք կստանան դրամական պարգևներ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից։ Մրցույթի հայտերը կընդունվեն մինչև մարտի 25-ը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում