Ի՞նչ է արել ԱԳՆ-ն՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ
05/03/2025 20:17

Ի՞նչ է արել ԱԳՆ-ն՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ

«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, որոնք այսօր ասում են, թե ՀՀ  պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ շարունակությունով»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան  նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կոչին, որ գերիների ազատ արձակման բանալին Փաշինյանի ձեռքում է, և Երևանը պետք է դադարեցնի բանակցությունները, քանի դեռ գերիներն ազատ չեն արձակվել։

«Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանացությունները, հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանն ավելին է եղել»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե ՀՀ խստորեն, և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ։

«Մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունը օր առաջ իրականություն դառնա, և բոլոր եղած խնդիրները  լուծվեն, այդ թվում՝  գերիների, պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը մեր առաջնահրթությունների մեջ է և մեր օրակարգում է»,-ասաց նա։

ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիան ի պաշտպանություն գերիների՝ Միրզոյանը զավեշտալի համարեց. «Ակցիան տեղի ունեցավ այն պահին և պահանջն էր, որ  ԱԳՆ-ն հայտարություն անի, երբ ԱԳՆ-ն հայտարություն արել էր։ Միայն ամպագորգոռ հայտարարություններով չէ և հրապարակային երևացող գործունեությամբ չէ, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների ազատ արձամանը»,-ասաց նա։

Ըստ Միրզոյանի՝ իրենք գործադրում են բոլոր ջանքերը, նախևառաջ դիվանագիտական խողովակներով, որոնց մի մասը, չնայած անգործության մեղադրանքներին, տեսանելի են։

Միրզոյանը ներկայացրեց վերջին 10 օրվա ընթացքում  ԱԳՆ-ի կողմից կատարված քայլերը՝ Բաքվում գտնվող գերիների և պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ՝ ԱԳՆ-ն հայտարարություն է արել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ինքը ելույթ է ունեցել, որտեղ բավական մաս նվիրել է «գերիների և շինծու դատավարության թեմային և այդ դատավարությունում գերիների ոտնահարվող  իրավունքների, խոշտանգումների և ապօրինի ներգործությունների թեմային»։

Բացի այդ, ինչպես նշեց Միրզոյանը,  ինքը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ, նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, որն այդ թեմային առնչվող կարևոր օղակներից մեկն է միջազգային հարաբերություններում․  «Երկու օր անց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց Ադրբեջանին օր առաջ ազատ արձակել հայազգի պահվող անձանց։ Էս հլա մի շաբաթն եմ թվարկել, որոնց մասին մամուլում հայտարարություն եղել է»,-ասաց նա։