«Ժողովուրդ». Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը
06/03/2025 09:16

«Ժողովուրդ». Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից անցել է 5 տարի, սակայն մինչև օրս պատերազմում զոհված և նահատակված անձանց թիվն ավելանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե և խնդրել էր տրամադրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած անձանց մասին հետևյալ տեղեկությունները՝

• քանի անձ է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայող, քանիսը՝ պայմանագրային, քանիսը՝ կամավորագրված, քանիսը՝ աշխարհազորային։

• 44-օրյա պատերազմի ավարտից հետո քանի անհետ կորած զինծառայող կա։

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, որից՝

1702-ը՝ ժամկետային զինծառայող,

860-ը՝ կամավորական,

864-ը՝ պահեստազորային,

143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ,

44-ը՝ քաղաքացիական անձինք։

 

Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Եվս մեկ անգամ հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ այսօր՝ 5 տարիների ընթացքում, չի հրապարակել որևէ մաս գուցե նաև անպատրաստ զեկույցից։

 

Այս թվերին զուգահեռ հարկ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 2900 զինվորական։ 14 զինվորական համարվում է անհետ կորած։

 

Նշենք, սակայն, որ սա պաշտոնական վարկածն է, որը միանշանակ կոծկում է իրականությունը։ Իսկ ոչ պաշտոնապես դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո առանձին մասնագետներ կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի իրական զոհերը պաշտոնական հրապարակվելիք թվերին գերազանցելու են մի քանի անգամ։

 

Հարկ է նշել, որ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաև, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչև ս.թ. փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները»։

«Ժողովուրդ». Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը