.png)
Աղվան Վարդանյանը մեղադրեց ՀՀԿ-ին «Նիկոլին բերելու համար», ապա հորդորեց թեման ամփոփել, արձանագրել տարանջատումը և գործել գլխավոր ուղղությամբ (Տեսանյութ)
Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է, ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Տեսեք՝ ոնց է Թուրքիային, Ադրբեջանին աղաչում՝ ամեն ինչ կտամ, միայն թղթի մի կոտորով օգնեք խաբեմ ժողովրդին։ Ժամանակին ասում էր՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց, ասել եմ իրան՝ քեզ առաջարկիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուսների դիմաց։ Սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժե»,-իր հայտարարության տեքստն ընթերցեց Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքը հակված է առաջ նայել և գլխավոր հարցը լուծել, անցյալում չմնալ, բայց, ըստ նրա, անցյալը պետք է ճիշտ գնահատել՝ առաջ գնալու համար։
«Հիմա Նիկոլն ամենացածր վարկանիշն ունի։ ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, հիմա այդքան և ավելի ատում է»,-ասաց Վարդանյանը և հայտարարեց, որ քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։
«Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով՝ նկատի ունեմ երկրորդ նախագահի «Հայաստան» դաշինք, ՀՀԿ և ՀՅԴ, ցավոք, այս ընթացքում նոր հաշվառելի քաղաքական ուժեր այդպես էլ չեն առաջացել, թեև ինչ-որ նշաններ, փորձեր կա»,-ասաց նա։
Ըստ նրա՝ նախագահ Քոչարյանի ասուլիսը «կատալիզատոր դարձավ» և նկատելի եղավ, որ «երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիրներ առաջացնում»։
Վարդանյանը խոսեց նաև երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների միջև ծավալվող դիսկուրսից, թե «ո՞վ է բերել Նիկոլին» և պնդեց, որ ՀՀԿ-ն է իշխանությունը զիջել. «Իրենք են ասել, որ եթե իմանային այսպես էր լինելու, ավելի վճռական կլինեին և չէին հանձնի իշխանությունը»։
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն արդարացել է, թե ինքը Նիկոլին չի պարտվել, այլ շատ ավելի հզոր ուժերի հաստամանն են պարտվել։ Վարդանյանը նշեց, որ երեկ էլ արդացման նոր թեզ է առաջ բերվել, թե իշխանությունը հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով։
«Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքե՞ր էին կառավարում, արդյո՞ք ՀՀԿ-ն միատար էր այդ ժամանակ»,-հարցրեց նա և հիշեցրեց, որ դեռևս 2015թ.-ին երկրորդ նախագահը զգուշացրել էր, որ նոր ղեկավարի առաջադրման փորձ է արվում։
«Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու, թե իրենցից մեկին ընտրեին։ Հիմա էլ ինչ-որ մարդիկ տողատակերով Կարեն Կարապետյանին են մեղադրում։ Ազնիվ չէ, Կարենը 17թ.-ին պառլամենտում երկու պատգամավոր ուներ»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հորդորում է իր գործընկերներին ամփոփել այս թեման, արձանագրել տարանջատումը և գործել գլխավոր հիմնական ուղղությամբ՝ ամեն մեկն իր պատկերացրած ձևով։