.jpg)
Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին. Արման Թաթոյան
ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են, այս մասին գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
«Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու:
Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:
Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:
Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել հայրենիքի համար»։